Բլոգ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները

Բլոգ

Մասնագիտական տեղեկատվության անկատարության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների մասնագիտական տեղեկատվության բարձրացման նպատակով «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունը պաշտոնական կայքի, բլոգի, YouTube ալիքի և սոցիալական ցանցերի միջոցով փորձելու է լուսաբանել, բացատրել, վերլուծել և ներկայացնել ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկելով հնարավոր լուծումներ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները

5986 / 2020-07-31 / KMG

2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և պարտադիր կիրառության ենթակա դարձած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները վերաբերում են սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմին։ Մինչև սույն թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմը 500,000 դրամն էր։ Արդյունքում սոց․ վճարը վճարում էինք 2.5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 12,500 դրամը։ Մեկից ավելի աղբյուրներից ստացած համախառն հաշվարկային եկամուտը 500,000 դրամը գերազանցելու դեպքում, ավել վճարված սոց․ վճարը հետ էր վերադարձվում մասնակցին՝ ՀՀ ֆինանսների նախարարի և ՀՀ ՊԵԿ նախագահի համատեղ հրամանով սահմանված կարգով։ Ներկայումս սոց․ վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմն է հանդիսանում նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը։Քանի որ ՀՀ-ում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը (հարկերն ու պարտադիր վճարները հանելուց հետո), կազմում է 68,000 դրամ, ոստի սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմը ներկայումս կազմում է 1,020,000 ՀՀ դրամ։ Այսպիսով՝ փորձելով ավելի պատկերավոր և ստույգ ներկայացնել նշված փոփոխությունների ազդեցությունը սոցիալական վճար վճարողների տնօրինելի եկամուտների վրա՝ փորձենք օրինակների տեսքով ներկայացնել այն։ Եթե նախկինում անձը ստանում էր 800,000 դրամ հաշվարկային աշխատավարձ, ապա նրա համար պահվող սոցիալական վճարը կազմում էր 12,500 դրամ, որը, ինչպես նշեցինք առավելագույն շեմն էր։ Ներկայումս 800,000 դրամ հաշվարկային աշխատավարձ ստացող անձի համար սոցիալական վճարը կհաշվարկվի հետևյալ կերպ՝ մինչև 500,000 դրամի մասով կպահպանվի նույն 12,500 դրամը, իսկ գերազանցող մասի 10%-ը կգումարվի որպես սոցիալական վճարի հավելյալ բեռ։ Այսինքն՝ տվյալ դեպքում 800,000 դրամ հաշվարկային աշխատավարձ ստացող անձի համար սոցիալական վճարը կկազմի 12,500+(800,000-500,000)*10%, որը կլինի 30 հազար դրամ, այսինքն, ընդհանուր սոցիլական վճարի բեռը կդառնա 42,500 դրամ։ Սույն փոփոխությունը կատարելով՝ Օրենսդիրը առավել բարձր եկամուտ ստացող անձանց համար սահմանել է սոց․ վճարի հաշվարկման համար հետևյալ կարգը․ 1,020,000 դրամից ավելի եկամուտ ստացող անձանց համար սոցիալական վճարի հավելյալ բեռը հաշվարկվելու է նշված շեմի և 500,000 դրամի տարբերության 10%-ի չափով։ Օրինակ, եթե անձի ամսական հաշվարկային աշխատավարձը կազմում է 1,500,000 դրամ, նրա համար սոցիալական վճարը կհաշվարկվի ոչ թե 1,500,000 դրամի և 500,000 դրամի տարբերության 10%-ի չափով, այլ, ինչպես նշվեց, այդ առաստաղի` 1,020,000 դրամի և 500,000 դրամի տարբերության 10%-ի չափով։ Այսինքն, սոցիալական վճարի բեռը կավելանա 52,000 դրամի չափով։ Այսպիսով, ընդհանրացնելով ասվածը, կարող ենք նշել, որ մինչև 500,000 դրամ հաշվարկային եկամուտ ստացող անձանց համար, ըստ էության, որևէ փոփոխություն հուլիսի 1-ից տեղի չի ունեցել, իսկ 500,000 դրամից ավելի հաշվարկային եկամուտ ստացող անձանց համար փոփոխությունը բացառապես վերաբերում է սոցիալական վճարի հաշվարկման առավելագույն շեմի փոփոխությանը և դրա հետևանքով սոցիալական վճարի հավելյալ բեռի ավելացմանը: