Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման հատուկ համակարգերն են շրջանառության հարկը և միկրոձեռնարկատիրությունը:
Հարկման ընդհանուր համակարգը ենթադրում է, որ անձը պետք է վճարի ավելացված արժեքի հարկ (արժեքի 20% դրույքաչափով) և շահութահարկ (տարեկան շահույթի 18% դրույքաչափով): Այս համակարգով աշխատում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 115 մլն. ՀՀ դրամը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսդրությամբ գործունեության որոշ տեսակներով զբաղվող անձինք` անկախ շրջանառության ծավալից. օրինակ` ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնողները (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն), շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվողները, աուդիտորական ծառայություններ մատուցողները և այլն: Բացի օրենսդրական սահամանափակումները` անձը կարող է դիմում ներկայացնել հարկային մարմին ու ներառվել հարկման այս համակարգում, եթե անգամ իր տարեկան շրջանառությունը փոքր է 115 մլն. ՀՀ դրամից:
Շրջանառության հարկի համակարգը համարվում է հարկման հատուկ (արտոնյալ) համակարգ և նախատեսված է մինչև 115 մլն. ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար: Այս համակարգի դեպքում հարկը հաշվարկվում և վճարվում է` կախված շրջանառության մեծությունից: Հարկման դրույքաչափը տատանվում է 1,5%-20% միջակայքում` կախված գործունեության տեսակից. օրինակ արտադրության դեպքում 3,5% է, առևտրի ոլորտում 5% է` փաստաթղթերով ձեռքբերումները 4% նվազեցնելու հնարավորությամբ, իսկ հանրային սննդի ոլորտում 6% է` փաստաթղթերով ձեռքբերումները 3% նվազեցնելու հնարավորությամբ և այլն:
Միկրոձեռնարկատիրությունը հարկման մեկ այլ հատուկ (արտոնյալ) համակարգ է, որով կարող են աշխատել մինչև 24 մլն. ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները: Այս դեպքում շրջանառության հետ կապված որևէ հարկ չի վճարվում, և փաստացի տնտեսվարող սուբյեկտը` որպես հարկային գործակալ, միայն պետք է վճարի աշխատավարձի հետ կապված հարկերն ու պարտադիր վճարները` ընդ որում եկամտային հարկի առավել մեղմ բեռով:
Միկոձեռնարկատիրության համակարգում աշխատելու որոշ սահմանափակումներ ևս առկա են, որոնց ցանկը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքում. օրինակ այս համակարգում չեն կարող ընդգրկվել Երևան քաղաքում առևտրով զբաղվողները, խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման և այլ ծառայություններ մատուցողները և այլն: