Բլոգ Պարապուրդի ժամանակ աշխատավարձի վճարման առանձնահատկությունները

Բլոգ

Մասնագիտական տեղեկատվության անկատարության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների մասնագիտական տեղեկատվության բարձրացման նպատակով «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունը պաշտոնական կայքի, բլոգի, YouTube ալիքի և սոցիալական ցանցերի միջոցով փորձելու է լուսաբանել, բացատրել, վերլուծել և ներկայացնել ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկելով հնարավոր լուծումներ:

Պարապուրդի ժամանակ աշխատավարձի վճարման առանձնահատկությունները

3979 / 2020-04-08 / KMG

2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելուց անմիջապես հետո հանրության շրջանում լայն թափով տարածում գտավ գործատուների կողմից աշխատողներին աշխատավարձ վճարելու հարցը: Հարցն այն էր, թե արդյոք պարապուրդի ժամանակահատվածում պետք է վճարել աշխատավարձ, թե` ոչ:

Հարցը, չունենալով սպառիչ մեկնաբանություն, հանգեցրեց տարակարծությունների, որոնց կարգավորման նպատակով անհրաժեշտ էր իրավական դաշտում գտնել համապատասխան լուծում: Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողին վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան նվազագույն ժամային դրույքաչափը: Մինչդեռ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը բնավ չի նշանակում, որ դա առաջացել է գործատուի մեղքով, և գործատուն պարտավոր է վճարել այդպիսի պարապուրդի համար: Այստեղ պետք է ուշադրության արժանացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար աշխատավարձ չի վճարվում:

Քանզի արտակարգ դրություն հայտարարելու հիմքում դրված էր կորոնավիրուսի տարածման հետևանքով համաճարակի կանխումը, վերջինս ըստ էության բնորոշվում է անհաղթահարելի ուժի դրսևորմամբ: Քանի որ ՀՀ գործող օրենսդրությամբ որևէ իրավական ակտով սահմանված չէ «անհաղթահարելի ուժ» եզրույթը, ուստի հարկավոր է հարցը դիտարկել ըստ էության` մեկնաբանելով հետևյալ կերպ. այն աշխատողը, որն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով չի կարողացել պատշաճ կերպով կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, չպետք է վճարվի, իսկ հակառակ պարագայում` երբ աշխատողն առկա կամ հեռահար եղանակով կատարել է իր աշխատանքային պարտականությունները, և գործատուն առարկություն չունի, ապա այս դեպքում վճարումն անխուսափելի է:

Այսպիսով, ելնելով ստեղծված իրավիճակից և հարցի կարգավորման հրատապությունից, առաջ է գալիս իրավասու պետական մարմինների կողմից պաշտոնական պարզաբանմամբ հանդես գալու անհրաժեշտություն, որով ի վերջո կլուսաբանվի, թե արտակարգ դրության հետևանքով տնտեսության որ ոլորտներում է առաջացել անհաղթահարելի ուժի ազդեցություն, և ինչպես պետք է կարգավորվեն այդ ոլորտներում զբաղված աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները` աշխատավարձ «վճարելու» կամ «չվճարելու» տեսանկյունից: