Ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնող անձին միշտ հետաքրքրում է, թե ինչ կարգավիճակով է առավել շահեկան դրա իրականացումը․ գրանցվել որպես ԱՁ, թե՞ ՍՊԸ:
Հիմնական տարբերությունը գործունեության պատասխանատվության շրջանակն է: ԱՁ-ի դեպքում ֆիզիկական անձն իր ողջ գույքով է պատասխանատվություն կրում ԱՁ-ի պարտավորությունների համար, մինչդեռ ՍՊԸ-ի հիմնադիրները որևէ անձնական պատասխանատվություն չեն կրում ՍՊԸ-ի պարտականությունների համար (և հակառակը), և նրանց պատասխանատվությունը փաստացի սահամանափակվում է միայն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրենց ներդրման չափով:
ՍՊԸ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում միայն իր սեփականությունը հանդիսացող ակտիվների շրջանակներում: Հարկման համակարգերի առումով որևէ տարբերություն չկա, թե ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է ԱՁ-ի, թե ՍՊԸ-ի միջոցով: Հաշվապահական հաշվառման առումով ԱՁ-ն համեմատաբար ավելի պարզ է, իսկ փաստաթղթավորման ծավալը` ավելի քիչ: Եթե մի քանի անձինք նպատակ ունեն իրականացնել համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, այդ դեպքում անհրաժեշտ է գրանցել իրավաբանական անձ՝ ՍՊԸ կամ բաժնետիրական ընկերություն (փակ կամ բաց` կախված հիմնադիրների քանակից):